Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մեր կրկնակի 13-ը

Մեր կրկնակի 13-ը
16.09.2016 | 08:14

Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. հաշվեք 10 օր և սպասեք կառավարության կազմի փոփոխություններին: Եթե նկատել եք՝ ՀՀ նախագահը սովորություն է դարձրել ամսի 13-ին վարչապետ նշանակելը: Հովիկ Աբրահամյանի դեպքում ապրիլի 13-ն էր, ու 13-րդ վարչապետի համար դա գուցե խորհրդանշական էր: Սեպտեմբերի 13-ին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի համար ի՞նչ է նշանակում՝ ցույց կտա ժամանակը, որ կարող է և՛ նրա դեմ, և՛ նրա օգտին աշխատել:

Համենայն դեպս, բոլորովին էլ այնպես չէ, որ ի սկզբանե փոփոխությունների սիմվոլը ինքնաբերաբար հաջողության սիմվոլ է դառնում: Անկախության 25 տարիներին մենք համառորեն զբաղվել ենք սիմվոլիկայով՝ առանց բովանդակության ապահովման: Բոլոր նախադրյալները կան, որ վատագույն ավանդույթները շարունակվելու են:
Սեպտեմբերի 13-ը նշանավորվեց ևս մեկ, մեր մասշտաբներով՝ դարակազմիկ իրադարձությամբ. ԱԺ 6 խմբակցություններից 5-ը ստորագրեցին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների համաձայնությունը։ Ամառ-աշուն քաղաքական մոդայիկ իրավիճակի կրկնություն, իհարկե, կա: Կա նաև միջազգային կառույցների լուրջ ներգործություն: Խորհրդարանական քաղաքական ուժերը ինչ էլ ասեն, իրենց ընդդիմադիր համարողները սեփական հզորությունը ինչպես էլ փառաբանեն, իշխանության վրա նրանց ներգործությունը զրոյական է: Այս համաձայնությունը երկնքից ընկած պարգև է նրանց: Համաձայնությունը սահմանում է ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմներ. փոփոխություններից հետո կհրապարակվեն ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակները, կտեսանկարահանվեն քվեարկության գործընթացն ու արդյունքների ամփոփումը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համաձայնությունը որակել է «պատմական», ինչպես «պատմական» էր նախորդը, որ բեկանվեց: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ համաձայնությունը «էապես նեղացնելու է գրեթե ոսկերչական մակարդակի հասած ընտրակեղծարարությունը»: ՕԵԿ քարտուղար Մհեր Շահգելդյանը կարևորել է ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը: ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանի համար ոչ այնքան կարևոր են հանրային վստահությունը մեծացնելու տեխնիկական լուծումները, որքան քաղաքական երկխոսությունը, որ երկրի զարգացման հիմքն է: Քաղհասարակությունը համարյա համաձայն է ամեն ինչին՝ փաստաթուղթ ստորագրելուց բացի:


Ինչպե՞ս ստացվեց, որ ժողովրդավարությունը, տարիներով տեղում դոփելուց հետո, մի քանի օրում մարաթոնյան վազք կատարեց, համենայն դեպս, Ընտրական օրենսգրքի շուրջբոլորը: Իշխանության համար պայքարում արևմտյան վեկտորը հաստանում ու երկարում է, ու դա հակակշիռն է «ռուսականի» նշանակումների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հարցրեք ցանկացած ընտրողի, որտե՞ղ է կատարվում ընտրությունների վերջնական թվանկարչությունը, կստանաք նույն պատասխանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Ընտրությունների օրը նրանք աշխատում են ժամացույցի պես, որը, սակայն, միշտ նույն ժամանակն է ցույց տալիս: Ազատ, արդար, աննախադեպ ընտրությունների նկատմամբ հավատ ապահովելու համար փոխվելո՞ւ է ԿԸՀ-ի նախագահը: Իշխանությունը կվստահի՞ ԿԸՀ նախագահի գործը իրական ընդդիմությանը, թե՞ դա նախընտրական ֆանտաստիկայի ժանրից է, ինչին Բաղրամյան 26-ը պատրաստ չէ՝ 13-ի հետևանքները վերապահելով սիմվոլներին և նրանց, ովքեր այսօր արդեն «պատմական» հաղթանակներ են տանում՝ նկատի ունենալով իրենց վերարտադրությունը միայն: Սա միայն սկիզբն է, պատրաստ եղեք սիմվոլների ու սիմվոլիկայի անակնկալներին:

Դիտվել է՝ 1478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ